Բանակում խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայողների մայրերի բողոքը ոստիկանների դեմ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշուման դեմ այսօր՝ նոյեմբերի 2-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը տեխնիկական պատճառներով չի քննել: Բանակում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատավորը գործը չի քննել՝ պատճառաբանելով, որ այն պետք է քննվի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Իրինա Ղազարյանը նշեց, որ իրենք իրենց բողոքից հետ չեն կանգնելու, ամեն ինչ անելու են, որ ոստիկանները պատժվեն:

«Իրենց ոնց ձեռք է տվել, տենց են գրել, բայց տեսանյութերում երեւում էր, թե ինչպես են ոստիկանները քաշքշում մեզ: Որդեկորույս ծնողների վրա ձեռք են բարձրացնում ու ընդամենը կարգապահական տույժի են ենթարկվում»,- ասաց Իրինա Ղազարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիա անցկացնող կանանց նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու դեպքի առիթով: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, այն պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6  տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Ավելի ուշ, քրեական գործը կարճվել էր:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը մայիսի 13-ին Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրի մոտ՝  իրենց հերթական բողոքի ակցիան են անցկացրել, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել էին դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ բողոքի ակցիա անցկացնել չի թույլատրվում: