Հայ-ռուսական բազմաբնույթ օրակարգն են քննարկել նախագահ Սերժ Սարգսյանն ու երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Հանրապետության նախագահը հանդիպման սկզբում եւս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղեւորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Նախագահն առաջարկել է մինչ բանակցությունները մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:

ՀՀ նախագահը եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը քննարկել են հայ-ռուսական բազմաբնույթ օրակարգն ու երկկողմ ռազմավարական գործընկերությունն ավելի խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ հետագա քայլերը եւ այդ ամենում երկու երկրների օրենսդիր մարմինների դերը: Սերժ Սարգսյանը եւ Վալենտինա Մատվիենկոն այդ համատեքստում բարձր են գնահատել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ փոխգործակցությունը, որին, նրանց համոզմամբ, նպաստում են պարբերաբար անցկացվող միջտարածաշրջանային համաժողովները: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է Վալենտինա Մատվիենկոյի մասնակցությունը Երեւանում վաղն անցկացվելիք Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովին, որը համընկել է նրա պաշտոնական այցի ժամկետի հետ: Համաժողովը, նախագահի համոզմամբ, կարեւոր հարթակ է հայ-ռուսական օրակարգի արդիական հարցերի քննարկման, արդյունավետ մեխանիզմների մշակման եւ ապակենտրոնացված համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների նախանշման համար: Հանրապետության նախագահը կարեւորել է նաեւ երեւանյան համաժողովին երիտասարդական կազմակերպությունների մասնակցությունը, որոնք տարիներ հետո հայ-ռուսական հարաբերություններն առաջ մղող ուժն են լինելու:

Հանդիպման ժամանակ երկու երկրների խորհրդարանականների միջեւ ակտիվ զարգացող փոխգործակցության համատեքստում կարեւորվել է միջազգային խորհրդարանական հարթակներում ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:

ՀՀ նախագահը եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մտքեր են փոխանակել նաեւ միջազգային արդի խնդիրների շուրջ, անդրադարձել տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին: