ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։ Հայտարարության մեջ ափսոսանք է հայտնվում այն կապակցությամբ, որ Բաքուն թույլ չի տվել, որ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակից անհրաժեշտ քանակության դիտորդներ գան Ադրբեջան՝ ընտրություններին հետեւելու, ինչի պատճառով էլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի կարողացել հետեւել ընտրությունների ընթացքին։

«Առանց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների մասնակցության, մենք չենք կարողանա ասել, արդյոք Ադրբեջանն առաջընթաց ապահովե՞լ է ընտրությունների անցկացման նախորդ ռեկոմենդացիաների կատարման տեսակետից։ Այդ ռեկոմենդացիաներում նշված էին քաղաքացիական հիմնական ազատությունների սահմանափակումները ու նախանշված էին խնդրի լուծման ուղիները»,- ասված է հայտարարության մեջ։

Պետքարտուղարությունը նաեւ մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանում, առաջվա պես, քաղաքական սահմանափակումների մթնոլորտ է տիրում։ «Մենք շարունակում ենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել հարգել խաղաղ հանրահավաքների ազատությունը եւ անկախ տեսակետները՝ այդ թվում լրատվամիջոցներինը, ինչը Բաքվի միջազգային պարտավորությունների բաղկացուցիչն է եւ համագործակցել ԵԱՀԿ –ի հետ»։

Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ էին, որոնցում հաղթանակ է տարել «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը։