«ՌեԱնիմանիա» անիմացիոն կինոփառատոնը տարեցտարի ավելի մեծ միջազգային ճանաչում է ձեռք բերում, ինչի մասին վկայում է այն, որ այս տարի կինոփառատոնին տարածաշրջանում առաջին անգամ ցուցադրվեցին ֆիլմեր, որոնք չեն ցուցադրվում այլ միջազգային փառատոներին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «ՌեԱնիմանիայի» հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին:

«Ունեինք «Մարգարե» ֆիլմը, որը ցուցադրել չի հաջողվել շատ փառատոներին, այն միջազգային փառատոներին մասնակցելու համար է միայն: Ցուցադրվեց նաեւ Wanted 18 ֆիլմը, որն Օսկարի նոմինացված փաստավավերագրական, պաղեստինցի ռեժիսորի ֆիլմ է, ցուցադրվում է միայն յուրահատուկ փառատոներին»,- ասաց Վրեժ Քասունին՝ նշելով, որ շատ փառատոններից իրենց դիմում են՝ իմանալու համար, թե ինչպես է իրենց հաջողվել ցուցադրել այդ ֆիլմերը:

Վրեժ Քասունու խոսքով՝ այս տարի փառատոնն առանձնացել է նաեւ հանդիսատեսի մեծ թվով, ինչը խոսում է նրա մասին, որ փառատոնի շնորհիվ մարդկանց հետաքրքրվածությունը  անիմացիոն ֆիլմերի հանդեպ մեծացել է:

«Եթե 2009թ. փառատոնին հազիվ երկու հազար հանդիսատես էր մասնակցում, հիմա հանդիսատեսի թիվը 10 հազարն անցնում է: 2009-ին մարդիկ մտածում էին՝ անիմացիոն ֆիլմերը մուլտեր են փոքրիկների համար, տարեցտարի սովորեցին, որ դա կինո է»,- ասաց Վրեժ Քասունին:

Վրեժ Քասունու խոսքով՝ «Ռեանիմանիան», որի արդյունքներն ամփոփվեցին նոյեմբերի 2-ին, նաեւ  նոր հնարավորություն ստեղծեց երիտասարդ անիմատորների համար, որոնք շահեցին փառատոնի կրթաթոշակը եւ հնարավորություն ունեն, մեկուկես ամիս վերապատրաստվել Ֆրանսիայում գտնվող Անգուլեմի անիմացիոն դպրոցում։

Նշենք, որ փառատոնը տեւեց հոկտեմբերի 28-ից մինչեւ նոյեմբերի 2-ը, փառատոնին մրցութային ֆիլմերից բացի ցուցադրվեցին նաեւ ոչ մրցութային ֆիլմեր, եղան վավերագրական և էքսպերիմենտալ ծրագրեր:  Այս տարի առաջին անգամ փառատոնին միացել էր նաեւ պատկերապատման արվեստի փառատոնը, որի շրջանակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված անիմացիոն 9 լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմ ցուցադրվեց:

Փառատոնի բացումը տեղի ունեցավ ֆրանսիական «Մունե» ֆիլմով, որը երկու ռեժիսորների` հայազգի Ալեքսանդր Հեբոյանի և Բենուա Ֆիլիպոնի համատեղ աշխատանքն է: Փառատոնը փակվեց նոյեմբերի 2-ին, Ռոջեր Ալերսի «Մարգարեն» ֆիլմի ցուցադրությամբ: