Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների անդամների համար կազմակերպված ավանդական հեռուստակամուրջը, որն անցկացվում էր նոյեմբերի 2-ից 6-ը` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում, Հայաստանում մեկնարկած 9-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր տեսաուղերձում ողջունեց եւ շնորհակալություն հայտնեց Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահներին, ինչպես նաեւ կարեւորեց նրանց դերակատարությունը միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում:

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարեւորեց հայ խաղաղապահների մասնակցությունը եւ ներդրումը միջազգային խաղաղության եւ անվտանգության հաստատման գործում եւ շնորհակալություն հայտնեց հայ խաղաղապահներին եւ նրանց ընտանիքների անդամներին նվիրումի համար:

Հայ խաղաղապահներին ուղղված իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ այս առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությունը նպաստում է Հայաստանի միջազգային վարկի եւ հեղինակության բարձրացմանը եւ դրանով նպաստում նաեւ Հայաստանի անվտանգության ամրապնդմանը:

Իրենց ողջույններն ու բարեմաղթանքները հղեցին նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան պրն Ռիչարդ Միլսը, Ֆրանսիայի դեսպան պրն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար տկն Նադիա Լիխտենբերգերը, Մեծ Բրիտանիայի դեսպան տկն Ջուդիթ Մարգրեթ Ֆարնվրթը եւ Կովկասում ՆԱՏՕ-ի փոծգործակցության սպա պրն Ուիլյամ Լահյուն:

Աֆղանստանից եւ Կոսովոյից ողջույնի եւ շնորհակալական խոսքեր հղեցին նաեւ Գերմանիայի եւ ԱՄՆ-ի հրամանատարության ներկայացուցիչները, հայ սպաներն ու ենթասպաները: