ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն արձագանքել է Հանձնաժողովի գործունեությանն ու գործառույթներին վերաբերող մամուլում շրջանառող մի շարք հարցադրումների, մասնավորապես` «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանի վերջին մեկ շաբաթվա ընթացքում թերթերին տված հարցազրույցներում իր ղեկավարած կառույցի հասցեին ուղղված քննադատությանը: Լրատվամիջոցներում բարձրացված հարցադրումները վերաբերում են «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում հուլիսին իրականացված վարույթի արդյունքներին: ՏՄՊՊՀ-ն, այս կապակցությամբ, հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատիրոջ կողմից արված հայտարարությունը, թե ֆաբրիկան վաճառելու է, շատերը համարել են արդեն կատարված փաստ, այնինչ դա այդպես չէ: Հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել հերթական անգամ հրապարակավ հերքել թռչնաբուծարանների կլանման մասին շրջանառող ապատեղեկատվությունը:
Հիշեցնելով նախկինում արված հայտարարությունը Արտակ Շաբոյանը եւս մեկ անգամ պարզաբանում է. «Գործարքի մասին կողմերը հանձնաժողովին պաշտոնապես չէին դիմել, ինչը օրենքով պարտավոր էին անել, քանի որ խոսքը խոշոր ընկերությունների համակենտրոնացման մասին էր: Ես նաեւ նշեցի, որ եթե նույնիսկ գործարքը տեղի ունեցած լիներ, ապա այն պետք է չեղյալ համարվեր, քանի որ կայացել էր առանց հանձնաժողովի թույլտվության: Համենայն դեպս, դա է օրենքի պահանջը: Այդ քննարկումներից, հրապարակումներից հետո արդեն շուրջ երկու ամիս անցել է եւ հիմա թռչնաֆաբրիկայի սեփականատերը հայտարարում է, որ գործարք տեղի չի ունեցել եւ չի ունենալու: Բայց սկզբում այնքան համոզված էր ներկայացնում, եւ մամուլն էլ գրում էր արդեն տեղի ունեցած գործարքի մասին, որ հասարակությունն ավելի հակված էր հավատալու, որ գործարքը տեղի է ունեցել, բայց հանձնաժողովը տեղյակ չէ, քան հակառակը»:
Վարույթին զուգահեռ մամուլում նաեւ Ձվի շուկայում իրականացվող դեմպինգի վարկածն էր առաջ քաշվում, չնայած, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում հանձնաժողովը որոշում կայացրեց, որ ձվի գնի նվազման պատճառը գերարտադրությունն է:
«Դեմպինգի դասագրքային սահմանումը հետեւյալն է. ապրանքը վաճառել շատ ցածր գնով, հիմնականում` ինքնարժեքից ցածր` մրցակիցներին, կամ մրցակցին շուկայից դուրս հանելու նպատակով, -անդրադառնալով մինչ օրս առաջ քաշվող այս վարկածին` պարզաբանում է Արտակ Շաբոյանը` սեփական հարցն ուղղելով լրատվամիջոցներին,- հիմա այս պարագայում ո ՞վ ո ՞ւմ դուրս հանեց շուկայից: Երկու ամիս անցել է արդեն, բայց որեւէ կլանում տեղի չի ունեցել»:
Ի դեպ, վարույթի ընթացքում դիտարկված այս շուկայում գործող բոլոր 6 խոշոր արտադրողները եւս իրենց հրապարակային ելույթներում նշել են, որ գնի նվազումը պայմանավորված է արտադրության ծավալների աճով, նրանց թվում նաեւ «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը: Վերջինս այս համոզմունքն արտահայտել է նաեւ վերջին օրերի իր հարցազրույցներում: Եվ չնայած դրան, նա միաժամանակ նաեւ քննադատության է ենթարկել Հանձնաժողովի որոշումը:
«Հանձնաժողովը որոշում է կայացրել, որ ձվի գնի նվազման պատճառը գերարտադրությունն է: Նույնը համոզված նշում է նաեւ տնտեսվարողը, բայց անհասկանալի է, թե ի ՞նչն է իրեն մտահոգում:
Սեփականատերը հայտարարում է, որ տվյալ ժամանակահատվածում ձվի գնի նվազումը պայմանավորված է եղել գերարտադրությամբ եւ ուռճացված թվեր է ներկայացնում` 40-50 տոկոս աճ: Պաշտոնական վիճակագրության համաձայն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 30 տոկոս է:
«Լուսակերտը» 2008թ-ից մինչ օրս այս շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ է: Բայց երբ նայում ենք տնտեսվարողների ներկայացրած տվյալները, բոլորի մոտ աճ է տեղի ունեցել, բացառությամբ «Լուսակերտի»: Այստեղ անգամ նվազում է արձանագրվել: Արտադրության ծավալների 20 տոկոս կրճատում է տեղի ունեցել` ըստ տնտեսվարողի ներկայացրած տեղեկատվության: Այսինքն, ինքը խոսում է 40-50 տոկոս գերարտադրության մասին, բայց Հանձնաժողովին տրամադրած տվյալներում արտադրության ծավալների 20 տոկոսով նվազում է ներկայացրել»,- մեկնաբանում է Հանձնաժողովի նախագահը` հիշեցնելով, որ վարույթի ավարտին այս տվյալներն ուղարկվել են հարկային մարմին` հետագա ուսումնասիրության նպատակով:
Իսկ թե ինչո՞ւ է տնտեսվարողը կասկածում, որ տվյալներն ուղարկվել են ՊԵԿ, «մեզ համար հասկանալի չէ, քանի որ մենք տարբեր գերատեսչություններ ենք եւ բնականաբար իրավասություն չունենք վերահսկելու, թե այլ գերատեսչությունում ինչ ընթացքի մեջ է այդ գործը»,- նշում է Հանձնաժողովի նախագահը:
Ի դեպ, Խաչիկ Մանուկյանը նաեւ «ոչ ճիշտ» է որակում տնտեսվարողներից ստացված այն տեղեկատվությունը, որի հիման վրա հանձնաժողովը որոշում է կայացրել: Այս կապակցությամբ Արտակ Շաբոյանը հետեւյալ դիտարկումն է անում. «Եթե նա չի տիրապետում մյուս տնտեսվարողների ներկայացրած տվյալներին եւ ասում է ոչ ճիշտ ինֆորմացիա է ներկայացվել Հանձնաժողովին, ապա, հաշվի առնելով, որ 6 տնտեսվարողներից մեկն էլ ինքն է, մենք եզրակացնում ենք, որ հրապարակային հայտարարություն է կատարում այն մասին, որ պետական մարմնին սխալ եւ անարժանահավատ տեղեկատվություն է տրամադրել»:
Խաչիկ Մանուկյանը նաեւ հայտարարել էր, թե վաճառակետերում «անհասկանալի ծագումով», «մատով պեչատած» ձու է վաճառվում:
Հունիսի 28-ի նիստում Հանձնաժողովը որոշում էր կայացրել նաեւ անհրաժեշտ մակնշում չկատարելու եւ դրա հետեւանքով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության ենթարկել ձու արտադրող 5 ընկերության, դրանց թվում նաեւ «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկան:
Ֆաբրիկայի սեփականատիրոջ`ոչ պատշաճ մակնշմամբ ձվի վաճառքի մասին հայտարարությունից հետո, Հանձնաժողովի նախագահի հանձնարարականով երեւանյան վաճառակետերում աշխատանքային խումբը հերթական դիտանցումն է իրականացրել`պարզելու, թե այդ ընկերություններից քանիսն են կատարել Հանձնաժողովի որոշման երկրորոդ կետը, այն`« դադարեցնել և հետագայում բացառել Օրենքի խախտմամբ հավկիթների իրացումը, 20-օրյա ժամկետում հանել դրանք շրջանառությունից»:
Դիտանցման արձանագրած իրողությունն առավել քան խոսուն է: Արտակ Շաբոյանի խոսքով. «Սեփականատերը մակնշումից է խոսում, երբ իր ֆաբրիկան շարունակում է իրացնել առանց մակնշման արտադրանքը: Կարող եք այցելել «Երեւան Սիթի» սուպերմարքեթ, որտեղ կատարվել է մոնիթորինգը եւ համոզվել: Մենք պարբերաբար մոնիթորինգ ենք իրականացնում եւ հետեւողական ենք լինելու, որ մեր կայացրած որոշումները իրականացվեն»,-ասված է Հանձնաժողովի հայտարարության մեջ:




























