Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երեւան ուղղությամբ ուղեւորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ նախագահի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը մեկնել է Տուլա: Ինչպես NEWS.am-ին հայտնում են առողջապահության նախարարությունից, հանձնաժողովը տեղում ռուս գործընկերների հետ կհամակարգի զոհված ուղեւորների աճյունները Հայաստան տեղափոխելու, տուժած քաղաքացիներին եւ նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու աշխատանքները:
Նշենք, որ վթարից տուժածները ներկա պահին բուժում են ստանում Ռուսաստանի Դաշնության Ուզլովայա, Կիրեեւսկի եւ Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններում:Նրանցից 10-իվիճակը գնահատվում է ծանր, եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:
Այցի շրջանակում Արմեն Մուրադյանը կայցելի նշված հիվանդանոցներ տեսակցելու տուժածներին:
Նշենք, որ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ՀՀ առողջապահության նախարարի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Մոսկվայից Երեւան ուղեւորափոխադրում կատարող ավտոբուսի վթարից տուժածների բուժումը եւ առողջական վիճակի հսկողությունն իր անմիջական ուշադրության ներքո է: Հայաստանի մասնագետները եւս մշտական կապի մեջեն ռուս գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել է վարորդ Գառնիկ Հարությունյանը։





























