Հայ-վրացական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Թուրգայ Միքայիլովի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից, որտեղ քննվում է գործը:
Նրանց փոխանցմամբ՝ դատավորը խորհրդակցական սենյակում է եղել, ինչի պատճառով էլ առաջին նիստը հետաձգվել է:
Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 26-ին:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայիլովը հուլիսի 23-ին ժամը 21:00-ի սահմաններում, առանց սահմանված փաստաթղթերի, շրջանցել է ՀՀ պետական սահմանային անցակետերը եւ հայ-վրացական պետական սահմանի՝ ՀՀ Լոռու մարզի Ձյունաշող սահմանամերձ գյուղին հարակից հատվածով, ոտքով շարժվելով ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի տարածք:
35-ամյա Միքայիլովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նա կալանավորված է:
Նշենք, որ ադրբեջանական կայքերի հաղորդմամբ՝ Միքայիլովն ադրբեջանցի է, սակայն Վրաստանի քաղաքացի:





























