Ճապոնական Nissan Motor Co. ավտոմոբիլային ընկերությունը երկրորդ անգամ է հետ կանչում ութ մոդելների մեքենաները, որոնցում անվտանգության անսարք բարձիկներ էին տեղադրված: Դրանք արտադրել էր Takata կորպորացիան, որը խոշոր սկանդալի կենտրոնում էր հայտնվել իր անորակ ապրանքների պատճառով: Սակայն հետ կանչման ենթակա մեքենաների ճշգրիտ քանակը չեն հայտնում:

Ավելի վաղ՝ երկուշաբթի, ընկերությունը հայտնել էր, որ Ճապոնիայում հոկտեմբերին կատարված ՃՏՊ-ում անվտանգության բարձերի սխալ աշխատանքի պատճառով ուղեւորը թեթեւ վնասվածք էր ստացել: Ինչպես նշում է Kyodo գործակալությունը, ավտոմեքենաների հետ կանչումը «զանգվածային» բնույթի է լինելու, այնպես որ շատ հնարավոր է, որ բավականաչափ անհրաժեշտ պահեստամասեր չլինեն բոլոր մեքենաներում համապատասխան փոփոխություն անելու համար: Եթե դետալները սպառվեն՝ ուղեւորների նստատեղերի անվտանգության բարձերը պարզապես կանջատվեն: Մայիս -հունիս ամիսներին Nissan ընկերությունն արդեն հետ է կանչել ութ մոդելների ավտոմեքենաներ՝ անվտանգության բարձերի ստուգումների նպատակով, այդ ժամանակահատվածում ծրագիրն ընդգրկել էր մոտավորապես 320 հազար մեքենա, հայտնում է ՏԱՍՍ-ը: