Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը չի կարողանում հեռանալ բեմից: Նա նախատեսում է 2011 թվականին կրկին բեմ դուրս գալ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում, որտեղից 55 տարի առաջ սկսվել է նրա կարիերան։
Հայազգի երգիչը, ով հիմա 86 տարեկան է, «Եվրոպա - 1» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է. «Ես վերադառնում եմ «Օլիմպիա» թատրոն` փակելու համար շրջանը Օլիմպիայում։ Ես կլինեմ 87 տարեկան, համարյա 88, եւ ինչ-որ պահի պետք է կանգ առնել»: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը 1999 թվականին հայտարարել էր, որ հեռանում է բեմից, սակայն հետո մի քանի անգամ հրաժեշտի համերգային ծրագրերով մեկնել է արտասահմանյան շրջագայությունների։
«Եվրոպա - 1»-ի հարցազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք «Օլիմպիա»-ի համերգում հայտարարելո՞ւ է հանգստի մեկնելու մասին, Ազնավուրը պատասխանել է. «Հնարավոր է` աստղը ասի ցտեսություն»:
Վերջին շրջանում հայտնի երգիչը 20-ից ավելի նոր երգ է գրել։ Ազնավուրը պլանավորել է նաեւ եկող տարի նոր գիրք հրատարակել։ «Ես պատմելու եմ այն մասին, որ ինչպես ամեն ինչ` տարիքը նույնպես ունի իր գարունը, իր աշունը, իր ձմեռն ու ամառը», - «Եվրոպա 1»-ին ասել է նա:
Նշենք, որ Շառլ Ազնավուրն անցյալ տարի նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան։




























