Հարավային Սուդանում Asia Airways տաջիկական մասնավոր ավիաընկերության օդանավի վթարից հետո Տաջիկստանի Տրանսպորտի նախարարությունը դադարեցրել է ավիաընկերության թռիչքները, այս մասին լրագրողներին հայտնել է Տրանսպորտի նախարարության քաղաքացիական ավիացիայի բաժնի ղեկավար Յուսուֆ Ռահմոնովը:

«Հարավային Սուդանում «Ան-12» օդանավի վթարից հետո Տաջիկստանի տրանսպորտի ոլորտում հսկողության ու կանոնակարգման հարցերով պետական ծառայությունը դադարեցրել է տվյալ ավիաընկերության թռիչքները»,- ասել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ան -12» տրանսպորտային օդանավը վթարի էր ենթարկվել Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ի առավոտյան: Նախնական տվյալներով, այն ընկել է օդ բարձրանալիս ՝ թռիչքուղուց 800 մ հեռավորության վրա: Վթարի հետեւանքով զոհվել են «Ան 12» –ի անձնակազմի անդամները՝ Ռուսաստանի մեկ ու Հայաստանի 5 քաղաքացիներ: Տուժածներ կան նաեւ երկրի վրա:

Կործանված «ԱՆ 12» ինքնաթիռը գրանցված է Asia Airways ավիաընկերության ռեեստրում, բայց փոխանցվել էր Միացյալ արաբական էմիրությունների Ala International LTD ավիաընկերությանը: Վերջին չվերթի օպերատորն է եղել Allied Services Limited ավիաընկերությունը, որի գրասենյակը Հարավային Սուդանում է, ու որը զբաղվում է բեռնափոխադրումներով: