Այսօրվա դրությամբ դրամի փոխարժեքի էական տատանումներ չեն սպասվում։ Այս մասին նոյեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Միքայել Միքայելյանը։
Նրա խոսքով՝ դրամի փոխարժեքի տատանումը պայմանավորված է ՀՀ տնտեսության տատանումներով։ Միքայելյանի կարծիքով յուրաքանչյուր առողջ տնտեսության մեջ ազգային արժույթի փոխարժեքի տատանումը պետք է համահունչ լինի այդ երկրի տնտեսական զարգացմանը։
«Հայաստանի տնտեսությունը բավական մենաշնորհային է։ Երկրի տնտեսության ամենամեծ սպառնալիքը կաշառակերությունն է, իսկ կաշառակերությունը բնականաբար կապ ունի իշխանությունների եւ պաշտոնատար անձանց հետ։ Հանձնաժողովներ եւ խորհուրդներ ձեւավորելով՝ կաշառակերությունը չի վերացվի։ Ընդամենը քաղաքական կամք է պետք»,- ընդգծել է Միքայել Միքայելյանը։





























