Սինայի թերակղզում վթարի ենթարկված Airbus 321-ը հենց վթարից առաջ էր գնվել իռլանդական AerCap Ireland Limited ավիաընկերությունից ու պետք է դառնար «Կոգալիմավիա» ընկերության սեփականությունը: Կազմակերպությունում աշխատող աղբյուրի տվյալներով՝ օդանավի համար գումարը փոխանցվել էր, բայց «Կոգալիմավիայի» սեփականության իրավունքը դեռ ուժի մեջ չէր մտել: Իրավունքների պաշտոնական փոխանցման ընթացակարգը նշանակված էր նոյեմբերի 16-ին:
«Հիմա իռլանդական կողմի հետ լուծվում է նախկին սեփականատիրոջ՝ AerCap Ireland Limited-ի հետ ծագած հարցերը, քանի որ անհասկանալի է, թե ով է ստանալու ապահովագրությունը », պատմել է աղբյուրը, հայտնում է Lifenews-ը:
Քանի որ ռուսական ընկերությունը չի հասցրել ստանձնել А321–ի սեփականության իրավունքները, ավիավթարի պատճառների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողով է հրավիրվել նաեւ իռլանդական կողմը: Հենց AerCap Ireland Limited-ի մոտ է անցկացվել ջախջախված օդանավի վերջին խորացված տեխզննումը ( այսպես կոչված C-check-ը )
Հիշեցնենք, որ «Կոգալիմավիայի» Airbus 321 օդանավը, որը Շարմ էլ Շեյխից Պետերբուրգ էր թռչում, վթարի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին: Օդանավում 224 մարդ կար, որոնցից 217-ը՝ ուղեւորներ: Օդանավում 25 երեխա կար, իսկ ամենափոքրը ընդամենը 10 ամսական էր: Օդանավի ընկնելուց հետո ոչ ոք ողջ չի մնացել:Սա ռուսական ուղեւորատար ավիափոխադրումների պատմության մեջ ամենախոշոր ավիավթարն է:





























