Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտության քննարկումը տեղափոխել այլ ձեւաչափեր։ Սակայն կա միասնական ձեւաչափ, որը ստացել է միջազգային հասարակության մանդատը։ Դա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափն է։ Այս մասին նոյեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշման հետ, եւ այլ կառույցները չպետք է քայլեր ձեռնարկեն, որոնք կարող են խանգարել հակամարտության կարգավորման գործընթացին եւ նպաստել տարածաշրջանում լարվածության աճին։
Նա հիշեցրել է, որ ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ԵԽԽՎ կամ նմանատիպ կառույցի միջոցով։ «Մենք պետք է համանախագահների հետ աշխատենք բացառապես խաղաղ լուծում գտնելու համար։ Ինչ վերաբերում է զեկուցողի «անկողմնակալությանը», ապա մարդը, որը բրիտանական մամուլի վստահեցմամբ երկար տարիներ եղել է Ադրբեջանի բարեկամության խորհրդարանական խմբում եւ ֆինանսապես համագործակցել է ադրբեջանական ֆոնդի հետ, չի կարող անկողմնակալ լինել»,- ընդգծել է Նալբանդյանը։
Նախարարը հրաժարվեց մեկնաբանել զեկույցի բովանդակությունը՝ նշելով, որ զեկույցը դրան արժանի չէ։ «Ադրբեջանի ղեկավարությունը ԵԽԽՎ փաստաթղթերը տարբեր կերպ է մեկնաբանում։ Նախավերջին փաստաթուղթը նրանք որակեցին որպես թղթի կտոր, իսկ այս մեկը հասցնում են գրեթե ՄԱԿ կանոնադրության աստիճանի»,- ասել է նախարարը։





























