ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանը կարեւորում է Հարավային Ամերիկայի տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի հետ հարաբերությունների ակտիվացումը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Վիսենտե Պարեդես Տոռեալբան, որպես Հայաստանում Վենեսուելայի առաջին դեսպան, իր գործունեությամբ կնպաստի երկկողմ միջպետական կապերի աշխուժացմանը եւ ամուր հիմքեր կստեղծի համագործակցության զարգացման համար:

Նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Հանրապետության նախագահը կարեւորել է փոխադարձ բարձրաստիճան այցերը, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցությունն ու այն զարգացնելու նպատակով Հայաստանի եւ Վենեսուելայի խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային կառույցներում Հայաստանին վերաբերող կարեւորագույն հարցերի քննարկումների ժամանակ Վենեսուելայի դիրքորոշումը եւ ընդգծել ՄԱԿ-ի ու այլ կազմակերպությունների շրջանակներում փոխշահավետ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Վենեսուելայի իշխանություններին եւ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար, նշելով, որ իր պատմության ամենաողբերգական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշող հայ ժողովրդի համար այդ քայլը մեծ նշանակություն ունի, եւ մեր ժողովուրդն այն մեծապես գնահատում է:

Վենեսուելայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար՝ վստահեցնելով, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնել պաշտոնն ու իր համար մեծ պատիվ է համարում հնամենի եւ հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելը՝ խորը հարգանք տածելով հայ ժողովրդի նկատմամբ:

ՀՀ Նախագահը եւ Վենեսուելայի դեսպանը քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունները զարգացնելու եւ տարբեր ոլորտներում առկա փոխգործակցության ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները: