Cadillac ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է  նոր ամենագնացը, որը   XT5 անվանումն է ստացել։ Ամերիկյան ավտոարտադրողի արտադրական շարքում նորույթը կփոխարինի  SRX նմուշին։ Ամենագնացի պրեմիերան տեղի է ունեցել Դուբայի ավտոսալոնում։  

Մոդելը կառուցված է նոր ամրաշրջանակի վրա։ Դրա ստեղծման ընթացքում կիրառվել են նույն տեխնոլոգիաներն ու մեթոդները, որոնք օգտագործվել են վերջին սերնդի  ATS եւ CTS մոդելների մշակման ընթացքում։ Խոսքը, մասնավորապես, լազերային ամրակցման մասին է եւ գերամուր պողպատի օգտագործման։ 

XT5-ի գաբարիտային երկարությունը 4815 մմ է, լայնությունը՝ 1903 մմ, իսկ բարձրությունը՝ 1675 մմ։ Նմուշի անվային բազան հավասար է   2857 մմ-ի։ SRX-ը 19 մմ-ով ավելի երկար է, յոթ մմ-ով ավելի լայն եւ վեց մմ-ով ավելի բարձր, քան Cadillac-ի նոր նմուշը։  Ընդ որում առանցքների միջեւ հեռավորության տարբերությունը 50 մմ է՝ XT5-ի օգտին, տեղեկացնում է Motor-ը։ 

ԱՄՆ-ում նոր «Կադիլակը» կներկայացվի 3,6 լիտրանոց բենզինային  V6 շարժիչով, որը 310 ձիաուժ հզորություն ունի եւ 366 նանոմետր պտույտի պահ։ Շարժիչը զինված է փոքր ծանրաբեռնվածության դեպքում երկու ցիլինդրի ապաակտիվացման համակարգով։ Չինաստանում XT5-ը կստանա երկուլիտրանոց տուրբինային շարժիչ, որի հզորությունն առայժմ հայտնի չէ։ Երկու շարժիչը համադրվում է ութդիապազոնային «ավտոմատի» հետ։

Ամենագնացը կառաջարկվի ինչպես առաջնային , այնպես էլ ամբողջական շարժակով։ Վերջին դեպքում  XT5-ը կլրացնեն համակարգով, որն ի վիճակի է յուրաքանչյուր առանցքի վրա մինչեւ հարյուր տոկոս պտտվող պահ տեղափոխել։  Ամենագնացի ամբողջական շարժակը ներառում է եւս մեկ էլեկտրոնաուղղորդվող հետին դիֆերենցիալ։