Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է երկու կողմի քաղաքական կամքը։ Այդ մասին նոյեմբերի  10-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը՝ անդրադառնալով հակամարտության սրման հարցին եւ թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել խաղաղ կարգավորման համար։   

Դեսպանի խոսքով, վերջին 25 տարվա ընթացքում արդյունքի բացակայությունը միջնորդների մեղքը չէ։ «Միակ որոշումը խաղաղ կարգավորումն է, որը կարող է ձեռք բերվել բանակցությունների միջոցով եւ որը կապահովի բոլորի անվտանգությունը։   Միջնորդներն աշխատում են այնպիսի հարթակի ապահովման համար, որը քաղաքական կամքի առկայության պարագայում առաջընթաց կապահովի։ Իմ կառավարությունը, գործընթացի բոլոր մասնակիցները անհանգստացած են բռնության աճով», - ընդգծել է Ռիչարդ Միլզը։ Բռնության այդ մակարդակը, դեսպանի կարծիքով, անընդունելի է եւ չի կարող շարունակվել։  «Եվ ես վստահ եմ, որ դա կողմերի մոտ քաղաքական կամք պիտի ձեւավորի խնդրի լուծման հասնելու համար», - ամփոփել է ԱՄՆ-ի դեսպանը։