Բրիտանական Rolls-Royce ավտոկոնցեռնը ԱՄՆ-ում մի մեքենա է հետ կանչել, գրում է    The Financial Times-ը։ 2015 թվի RR Ghost թողարկման մեքենայի հետ կանչման պատճառը անվտանգության կողային բարձիկների հետ կապված խնդիրներն են. դրանցից մեկի վրա սխալ ապրանքանշում է արվել։ 

Ընկերության աշխատակիցներն այդ թերությունն ի հայտ են բերել  մեքենան հաճախորդին հասցնելուց առաջ։ Rolls-Royce-ում հավաստիացրել են, որ սխալ ապրանքանշումը տիրոջ համար որեւէ ռիսկ չի պարունակում, բայց այդ եղանակով կոնցեռնը  «իր ուշադրությունն է դրսեւորում մանրամասների նկատմամբ»,-փոխանցում է Lenta-ն։ 

Մեքենան հավաքվել էր հունվարին անգլիական Արեւելյան Սասեքս կոմսության Գուդվուդի ձեռնարկությունում։ Անվտանգության բարձիկներ արտադրողի անունը չի նշվում։  Rolls-Royce-ն անցյալ տարի 4 հազար նման մեքենա է վաճառել։

Պարբերականը նշում է, որ վերջին տարիներին 12 ավտոկոնցեռն առնվազն 19 միլիոն մեքենա է հետ կանչել անվտանգության բարձիկների հետ կապված խնդիրների պատճառով, իսկ գերմանական  Volkswagen-ը ստիպված կլինի  11  հազար մեքենա հետ կանչել բնապահպանական թեստերի արդյունքների կեղծման հետեւանքով։