Ֆրանսիական մի խումբ ընկերություններ հետաքրքրված են ՀՀ-ում ենթակառուցվածքների, քաղաքաշինության եւ առողջապահության բնագավառներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ։ Այդ մասին ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ստեփան Բարաքյանին եւ ՀՀ-ում գործունեություն ծավալող ֆրանսիական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների:

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությունը եւ նշել, որ այն գտնվում է ամուր հիմքերի վրա: Կառավարության ղեկավարը կարեւորել է երկու երկրների տնտեսական կապերի հետագա զարգացումն ու ընդլայնումը եւ նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ: Այդ համատեքստում, վարչապետն անհրաժեշտ է համարել Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի գործունեության ակտիվացումը եւ ավելացրել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել երկու երկրների գործարար կապերի սերտացմանն ու ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանը:

Դեսպան Շարպանտիեն կարեւոր է համարել հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը եւ այդ համատեքստում նշել, որ  մշտական կապի մեջ է ՀՀ-ում գործունեություն իրականացնող ֆրանսիական ընկերությունների հետ, համապատասխան քայլեր են իրականացվում նաեւ ֆրանսիական նոր ձեռնարկություններ հայաստանյան շուկա ներգրավելու ուղղությամբ: Մասնավորապես, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին տեղեկացրել է, որ ֆրանսիական մի խումբ ընկերություններ հետաքրքրված են ՀՀ-ում ենթակառուցվածքների, քաղաքաշինության եւ առողջապահության բնագավառներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Դրանք կյանքի կոչելու համար անցկացվում են բանակցություններ եւ քննարկումներ: Դեսպանը տեղեկացրել է նաեւ, որ այժմ աշխատանքներ են տարվում հաջորդ տարվա սկզբին հայ-ֆրանսիական գործարար համաժողովի կազմակերպման նպատակով, ինչը նոր թափ կհաղորդի տնտեսական կապերի խորացմանն ու ընդլայնմանը:

Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ համագործակցության համար եւ համոզմունք հայտնել, որ երկկողմ սերտ փոխգործակցությունը կտա իր արդյունքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ՀՀ-ում ֆրանսիական ընկերությունների գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող այլ հարցեր: