2018թ.-ից գործարարները ԱԱՀ-ի եւ ակցիզի համար միասնական հաշվետվություն կներկայացնեն։ Այս մասին նոյեմբերի 11-ին՝ ՀՀ խորհրդարանում «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, ասել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։
Նրա խոսքով՝ կողմնակի հարկերի միասնական հաշվետվությունը կօգնի ներդաշնակեցնել դրանց վճարումները։ Ներկայումս ակցիզային հարկը պետք է վճարել եռամսյակը մեկ, բայց դրանց վճարումները գործարարները հաշվում են ամեն ամիս։ 2018թ. ԱԱՀ-ն եւ ակցիզային հարկը կգանձվեն եռամսյակային հաշվարկով։ «Մենք որոշել ենք հաշվետվությունները չընդունել ամեն ամիս, որպեսզի չբարդացնենք բիզնեսի աշխատանքը։ Ընդհակառակը, հիմա մեկ հաշվետվություն պակաս կհանձնեն»,- ասել է Միրումյանը։ Եթե գործարարը վճարում է այդ երկու հարկերից մեկը, ապա մյուս մասը լրացնել պետք չէ։





























