Մեկ շաբաթ առաջ Երեւանի Պուշկինի 51/1 հասցեում գտնվող նորակառույց շենքի տարածք ներխուժած բնակարանատերերին նոյեմբերի 11–ին կարմիր բերետավորներ բռնի ուժով դուրս չեն բերել շենքից: Այս մասին հայտնում է ոտսիկանությունը՝ անդրադառնալով NEWS.am-ի՝ «Բերետավորը հրելով մեզ դուրս էր ուզում հանել. նորակառույց շենքի բնակարանատերերին ահաբեկում են» http://news.am/arm/news/295570.html վերտառությամբ հրապարակմանը, որում ներկայացվել է խմբագրություն ահազանգած քաղաքացուհու գանգատը, թե Երևանի Պուշկինի 51/1 հասցեի նորակառույց շենքի սեփականատերը և մուտքի առջև հերթապահող ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս հանել, ցանկացել են դուռը փակել, որպեսզի իրենք չկարողանան ներս մտնել։
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Պուշկինի փողոցի 51/1 նորակառույց շենքի սեփականատերը 06.11.2015 թ.-ին պայմանագիր է կնքել ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնականի բաժնում, ըստ որի ոստիկանության ծառայողները պարտավոր են իրականացնել նշված շենքի պահպանությունը։ «Նոյեմբերի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, նշված հասցեում պահպանություն իրականացնող ոստիկանը զեկուցել է իր ղեկավարությանը, որ 2 քաղաքացի փորձում են ապօրինի մուտք գործել իր կողմից պահպանվող տարածք, ինչը փորձել են կանխել ծառայություն իրականացնող ՊՊԳՎ ոստիկանները։ Այդ ժամանակահատվածում նշված տարածքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային գնդի ծառայողներ ծառայություն չեն իրականացրել և չէին կարող կարմիր բերետավորներ լինել նշված վայրում և հրել քաղաքացիների»,- ասվում է ոստիկանության տարածած պարզաբանման տեքստում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Պուշկինի 51/1 հասցեի նորակառույց շենքի բնակարանատերերը, որոնք նոյեմբերի 4-ին տեղահան էին արել երկաթյա դուռը եւ մուտք գործել շենք, հրաժարվում են լքել իրենց բնակարանները:
Բնակարանատերերին վրդովեցրել է այն, որ իրեն շենքի սեփականատեր կոչող Անդրանիկ Խալոյանը հրաժարվում է հանձնել բնակարանները, մինչեւ իրենք նախնական պայմանագրով սահմանված 1ք.մ-ի դիմաց նախատեսված 700-800 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարեն 1080 դոլար:





























