Հայաստանն անհրաժեշտ է համարում Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպությանն անդամակցությունը: Այս մասին նոյեմբերի 12-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ ներկայացնելով Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության շուրջ համաձայնագրի նախագիծը:

2001 թվականին Փարիզում ստեղծված Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպությունը միավորում է 45 երկրների, որոնք գիտական, տեխնիկական, տնտեսական եւ իրավական բնույթի տեղեկատվություն են փոխանակում:

Կազմակերպությանն անդամակցությունը պահանջում է 13.500 եվրոյի չափով ամենամյա անդամավճար: Միաժամանակ, Կազմակերպությունը Հայաստանին մանրամասն կտեղեկացնի խաղողի եւ գինու արտահանման կարեւորագույն շուկաների, ինչպես նաեւ արտադրող այլ երկրների վիճակի մասին:

«Բացի այդ, տարվա մեջ մեկ անգամ մենք կկարողանանք Փարիզում գինու անվճար համտես կազմակերպել: Հաջորդ գարնան համար մեր գինեգործների հետ նախնական համաձայնություն ունենք»,- հայտարարեց նախարարը: