Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երեւան կատարած այցի համատեքստում հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին՝ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններն Ադրբեջանին հանձնելու հնարավորության մասին, խորհուրդ է տվել չսրել իրավիճակն ու դիմել բաց աղբյուրների:
«Ես չեմ կարող է որեւէ բան ավելացնել այն ամենին, ինչի մասին մանրամասն պատմել է Սերգեյ Լավրովը նոյեմբերի 9-ին Երեւանում կայացած բաց մամուլի ասուլիսի ընթացքում: Նա մանրամասն կանգ առավ այդ հարցի վրա, այդ թվում՝ բանակցային գործընթացի, քննարկված հարցերի վրա: Իսկապես անհրաժեշտ է դիմել սկզբնաղբյուրին, ռուսաստանցի նախարարի խոսքերին: Այդ ամենը հրապարակվել է կայքում»,- ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանել է Զախարովան:
Նրա խոսքով, ռուսական կողմը պահպանում է սերտ կապերը հայ գործընկերների հետ, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ նաեւ ադրբեջանցի գործընկերների հետ:
«Մենք ոչինչ չենք անում, որը կարող է վնասել երկու երկրներին էլ: Մեր խնդիրը բազմիցս հաստատվել է, այն հրապարակային է, ձեւակերպված եւ կենտրոնացած է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեր մոտեցումներում: Այդ մոտեցումները չեն փոխվել, եւ ես կարող եմ միայն հաստատել դրանք: Հուսով եմ՝ ինչ-որ կերպ հանգստացրի հայկական զանգվածային լրատվամիջոցներին»,- նշել է Զախարովան:





























