Թուրքիայում հայ-թուրքական հաշտեցում ցանկանում են ընդամենը 4-5 ուսուցիչներ եւ լրագրողներ, մնացած ամբողջ հասարակությունը դեմ է այդ գործընթացին: Երեւանում կայացած ասուլիսում նման սենսացիոն հայտարարություն է արել քաղաքագետ, Ստամբուլի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանը:

Նա հայտարարել է, թե «շրջափակված, տնտեսական զարգացման պոտենցիալ չունեցող», 2,5 միլիոնանոց Հայաստանը Թուրքիայի համար երկրորդական նշանակության երկիր է: «Երկիր, որի սահմանների միայն 15 տոկոսն է բաց, տնտեսական զարգացման շանսեր չունի»,- հավաստիացրել է փորձագետը:

Նա պնդել է նաեւ, որ Թուրքիան Հայաստանի համար գերակա երկիր է, եւ Երեւանն ավելի քան շահագրգռված է Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: «Թուրքիան այսօր աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկն է, ՆԱՏՕ-ի եւ G-20-ի անդամ, եւ, բնականաբար, Հայաստանը պետք է շահագրգռված լինի նրա հետ հարաբերություններում»,- ամփոփել է քաղաքագետը: