Երկիրը համակարգային ճգնաժամ է ապրում եւ կշարունակի այդպես մնալ, եթե քաղաքացիները «ոչ» ասեն սահմանադրական փոփոխություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոստան Ույուտ»-ի սեփականատեր Մանվել Բադեյանը:

 «Մենք համակարգային ճգնաժամ ենք ապրում եւ հատվածաբար փոփոխություններ անելով, շատ հաճախ հակասության մեջ ենք մտնում գործող Սահմանադրության հետ: Այդպես չի կարելի: Ստեղծվել է այնպիսի մի համակարգ, որ  սա դարձել է միանձնյա ղեկավարման երկիր: «Ոչ»-ի   դեպքում նույնը կշարունակվի, «այո»-դեպքում կլինի  ժողովրդավարական երկիր»,-ասաց Բադեյանը:

Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Մանվել  Բադեյանը ողջունեց, որ սահմանադրական փոփոխություններով անցում է կատարվելու 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

Պատգամավորի խոսքով, գալիք խորհրդարանական ընտրությունների օրը  բոլորը կտեսնեն, որ եւ համամասնական, եւ մեծամասնական ընտրակարգի դեպքում  էլ  ՀՀԿ-ն մեծամասնություն կկարողանա ապահովել:

Ընդդիմադիրների այն պնդումներին, թե սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանությունն են հավերժացնում, Բադեյանն արձագանքեց. «Ընդդիմադիրների բոլոր երգերը իշխանափոխության մասին են: Ամեն մեկն իրեն է պատկերացնում իշխանության գլխին եւ  ցանկացած քայլ, ինչ ուզում է արվի,  ընդդիմության քննադատությանն է արժանանում ու դիտարկվում որպես իշխանության հավերժացման փորձ»: