Անկարան եղել եւ մնում է անկեղծ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Այս մասին Երեւանում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց թուրք քաղաքագետ Բեհլուլ Օզքանը: Նրա խոսքով՝ սկսելով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը, Անկարան ամենեւին էլ նպատակ չուներ «թոզ փչել» միջազգային հանրության աչքերին: «Ընդհակառակը, հայ-թուրքական արձանագրությունների մշակման առաջին փուլում Երեւանն առաջադրել է իր նախապայմանները, սակայն Անկարան չի համաձայնել դրանց»,-նշեց քաղաքագետը: Նա հավելեց, որ Թուրքիան այժմ նույնպես պատրաստ է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, եթե հայկական կողմը դուրս բերի զորքերը ԼՂ-ի հարակից շրջաններից: «Դա անհրաժեշտ է, որպեսզի թուրքական իշխանությունները կարողանան իրենց գործողությունները ժողովրդի մոտ արդարացնել: Չէ՞ որ Թուրքիայի հասարակության մեծամասնությունը ադրբեջանամետ կողմնորոշում ունի: Նույնիսկ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պահին թուրք հասարակությանը մի հարց էր հետաքրքրում՝ արդյոք, փաստաթղթերի ստորագրումից հետո հայկական զորքերը դուրս կբերվե՞ն ԼՂ-ի հարակից շրջաններից»,-հայտարարեց Օզքանը:
Իր հերթին թուրքագետ Արտակ Շաքարյանը, ով չհամաձայնեց իր թուրք գործընկերոջ հետ, նշեց, որ հայ-թուրքական գործընթացը Անկարան օգտագործել է ժամանակ ձգձգելու եւ Ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ շիկացող կրքերը մեղմելու նպատակով: «Մտնելով այդ պրոցեսի մեջ, Անկարան ի սկզբանե գիտեր, որ այն մինչեւ վերջ չի տանի, քանի որ այն հակասում է իր սկզբունքներին»,-հայտարարեց հայ փորձագետը:
Նշենք, որ օգոստոսի 31-ին լրացավ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորգրման մեկ տարին: Ներկա դրությամբ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները ուղարկվել են երկու երկրների խորհրդարանների վավերացմանը: Սակայն գործընթացը ձգձգվում է, քանի որ Անկարան իր նախապայմաններն է թելադրում:




























