Հայաստանի ընտրացուցակներում ընդգրկված են մարդիկ, որոնք արտագաղթել են երկրից, բայց նրանց անունները դեռ մնում են։ Այս մասին նոյեմբերի 13-ին՝ «ԱՍպասվող հանրաքվե. ընտրացուցակներում առկա տվյալների ուսումնասիրություն» թեմայով քննարկման ժամանակ, ասել է Transparency International ՀԿ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։

Նրա խոսքով՝ կազմակերպությունը գործարկել է էլեկտրոնային մշտադիտարկման մեխանիզմը, որը պետք է օգտագործենք առաջիկա սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ «Մենք վերցնում ենք պաշտոնական կայքերի՝ ՀՀ Ոստիկանության ԱՎՎ-ի, ԿԸՀ-ի տվյալները, տեղադրում ենք դրանք մեր կայքում եւ որոշ հաշվարկներ ենք անում։ Մեխանիզմի նպատակն այն է, որ ընտրությունների մասնակիցները, ունենալով այդ տվյալները, կարողանան նախքան քվեարկությունը, քվեարկության ժամանակ եւ դրանից հետո վերահսկել ընթացքը եւ դրանով գիտակցեն հնարավոր ընտրախախտումների մասշտաբները»,- ընդգծել է Հոկտանյանը։

Ցույց տալով Հայաստանում 213-2015թթ.  բնակչության եւ ընտրողների դինամիկան, նա նշեց. «Կարելի է տեսնել, թե ինչքանով է կրճատվել բնակչությունը, սակայն ընտրողների թիվն աճել է։ Հայաստանում կա 100 տարեկանից մեծ 167 ընտրող։ Մենք ունենք նաեւ 110-120 տարեկան 9 ընտրող»։