Սահմանադրական փոփոխությունները որեւէ մեկին հնարավորություն չեն տալիս վերցնել իշխանության ղեկը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Իրապատում» հեռուստանախագծի շրջանակում Արագածոտնի մարզ այցի ժամանակ «Ոչ»-ի ճակատը ներկայացնող ուժերի հետ զրույցում ասել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավոր, «Այո»–ի ճակատը ներկայացնող Մարգարիտ Եսայանը:

«Իշխող քաղաքական ուժը բոլորիցդ լավ գիտի խնդիրները, բլորիցդ լավ է հասկանում՝ այսպես շարունակել անհնարին է, այդ պատճառով էլ առաջարկում է այս փոփոխությունները, որին մեզնից շատերն իրենց ներսում նույնիսկ դեմ են, որովհետեւ սա շանս չի տալիս որեւէ մեկին 2018թ. վերցնել իշխանության ղեկը, եւ ասել՝ տղերք էս կողմն անցեք, էն կողմն անցեք: Սա քաղաքական միավորներին հնարավորություն է տալիս ուժեղանալ, դառնալ քաղաքական միավորներ եւ ոչ թե ինչ-որ անձնական նպատակի շուրջ հավաքված մարդկանց խումբ»,-  ասել է Մարգարիտ Եսայանը:

Նշենք, որ «Հյուսիս» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ ոչ-ի ճակատից  են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Պետրոս Մակեյանը եւ Վարդան Խաչատրյանը: