Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ժամկետից շուտ հաղթեց ՖԻԴԵ Գրան-պրի սերիան: Չնայած, որ 27-ամյա Արոնյանը նախօրեին չկարողացավ հաղթանակ տոնել ՖԻԴԵի Գրա-պրիի հինգերորդ՝ Ջերմուկում կայացած մրցաշարում, ընդհանուր հաշվարկով անհասանելի դարձավ իր մոտակա հետապնդողի համար՝ ի դեմս ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, եւ իրավունք վաստակեց մասնակցել հավակնորդների մրցաշարում:
Ջերմուկյան մրցաշարի արդյունքով Արոնյանը հավաքեց 140 միավոր՝ իր միավորների քանակը հասցնելով 500-ի (ավելի վաղ նա 360 միավոր էր վաստակել՝ հաղթանակ տանելով Գրան-պրիի նախորդ երկու մրցաշարերում):
Նշենք, որ Ջերմուկում կայացած Գրան-պրիի հաղթող դարձավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, որը վերջին տուրում սեւերով հաղթանակ տարավ Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանի նկատմամբ: Այդ պարտիայում ոչ-ոքիի դեպքում ՖԻԴԵ-ի Գրան-պրիի հաղթող կդառնար Արոնյանը, որը վերջին՝ 13-րդ տուրում գեղեցիկ հաղթանակ տարավ ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւի նկատմամբ: Իրերի նման դասավորությամբ՝ Իվանչուկն իր ակտիվում գրանցեց 8,5 միավոր, մինչդեռ Արոնյանը մնաց երկրորդ տեղում՝ 8 միավորով:
Ջերմուկի Գրան-պրիի արդյունքները՝ Իվանչուկ- 8,5 միավոր, Արոնյան, Գելֆանդ- 8, Կասիմջանով, Լեկո, Ալեքսեեւ-7, Կարյակին-7, Էլյանով-6.5, Բաքրո, Կամսկի-6, Յակովենկո, Հակոբյան—5, Ինարկիեւ, Չեպարինով-4:
Շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված մրցաշարի պաշտոնական փակմանը մասնակցել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Իր ելույթում Հայաստանի նախագահը նկատեց, որ շախմատային մրցաշարը աշխարհի բոլոր երկրպագուների ուշադրության կենտրոնում էր: Նախագահը շնորհավորեց մրցաշարի հաղթողներին՝ ուրախությամբ նշելով, որ Հայաստանին հաջողվեց մրցաշարը կազմակերպել բարձր մակարադակով. «Մեզ բոլորիս միավորում է մեկ բան՝ սերը շախմատի նկատմամբ: Առանց շախմատի այս աշխարհում ինչ-որ բան կիսատ կլիներ»:




























