Ֆրանսիայի ողջ տարածքում Ալժիրի պատերազմից (1954-1962թթ.) ի վեր երկրորդ անգամ արտակարգ իրադրության ռեժիմ է սահմանվել։ (ֆոտոռեպորտաժ)
Փարիզում ահաբեկչություններից հետո սահմանված արտակարգ իրադրության ռեժիմը պաշտոնապես ուժի մեջ է մտել անցյալ գիշեր Ֆրանսիայի ողջ տարածքում։ Համապատասխան նախագահական հրամանը հրապարակվել է Ֆրանսիայի Հանրապետության օրենսդրական տեղեկագրում՝ Le Journal officie-ում։
«2015թ. նոյեմբերի 14-ի կեսգիշերից երկրի ողջ տարածքում եւ Կորսիկայում արտակարգ իրադրություն է հայտարարվել»,- ասված է Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Մանուել Վալսի, ՆԳ նախարար Բեռնար Կազնյովի եւ արդարադատության նախարար Կրիստիան Տոբիրիի ստորագրած փաստաթղթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այդ որոշմամբ Ֆրանսիայի կառավարությունը ուժի մեջ է մտցրել արտակարգ իրադրության մասին օրենքը, որով իշխանություններին իրավունք է տրվում լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել հասարակական կարգի պահպանման համար։ Մասնավորապես վարչական իշխանությունները կարող են նպատակահարմարության դեպքում խուզարկել տները, վերահսկել մամուլը, ռադիոհաղորդումները, թատերական ներկայացումները։ Տեղական իշխանությունները նաեւ ճգնաժամային իրավիճակներում ճանապարհային երթեւեկությունը սահմանափակելու եւ պարետային ժամ մտցնելու իրավունք է ստանում։





























