Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի միանգամից մի քանի շրջանում՝ «Բատակլան» թատրոնում, Stade de France մարզադաշտում, Լա Ֆոնտեն փողոցում (Rue de la Fontaine au Roi), Վոլտերի բուլվարում (Boulevard Voltaire), Ալիբերտ փողոցում (Rue Alibert/Rue Bichat), Շարոն փողոցում (Rue de Charonne) գրեթե միաժամանակ պայթյուններ հնչեցին։

Ինչպե՞ս դա պատահեց

Ահաբեկիչները մեքենաներով մոտեցել են Հանրապետության հրապարակի (Place de la République) մոտակա փողոցներում գտնվող ռեստորաններին եւ Կալաշնիկով տեսակի ինքնաձիգներից սկզբում կրակ են արձակել այցելուների վրա, որոնք նստած են եղել դրսում, իսկ հետո ներս մտել ռեստորան։

Բատակլան թատրոնում ռոք համերգն արդեն մոտ մեկ ժամ շարունակվում էր, երբ այնտեղ հրաձգություն սկսվեց։ Այցելուներից ոմանք սկզբում կարծել են, որ դա  շոուի մի մասն է եղել։ Շատերին հաջողվել է փախչել, նախքան ահաբեկիչները սկսել են պատանդներ վերցնել։ Մարդկանց մի մասը թաքնվել էր կախովի առաստաղների հետեւում։ Չանցած մեկ ժամ՝ հատուկ նշանակության ջոկատը գրոհով վերցնում է համերգասրահը։ Մեկ ժամ անց պատանդներն արդեն ազատության մեջ էին։ Stade de France մարզադաշտում, որտեղ ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ընկերական խաղը մոտ լսվել են 2-3 պայթյուն։ Խաղը չի ընդհատվել։

Քանի՞ մարդ է զոհվել

Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլինսի խոսքով՝ կա առնվազն 128 զոհ, որից 80-ը՝ միայն «Բատակլան» թատրոնում։ Առնվազն 40 մարդ զոհվել է այլ վայրերում՝ 18-ը՝ Rue de Charonne փողոցի ռեստորանում, 5-ը՝ Rue de la Fontaine au Roi փողոցի ռեստորանում եւ 14-ը՝ Café Le Carillon սրճարանի դիմաց գտնվող Rue Albert փողոցի բարում։ Stade de France մարզադաշտում զոհերի թիվն այս պահին ճշտվում է։ Le Monde պարբերականի տվյալներով՝ կա 155 վիրավոր, որոնցից 99-ի վիճակը ծանր է։

Ովքե՞ր են մարդասպանները

Հարձակումներից անմիջապես հետո ոչ ոք չէր ստանձնում կատարվածի պատասխանատվությունը։ Այսուհանդերձ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատասխանատվությունը բարդեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վրա։ ԻՊ-ն այնուհետեւ իր վրա վերցրեց կատարվածի պատասխանատվությունը։ «Բատակլան» թատրոնի այցելուները պատմել են, որ ահաբեկիչները կրակոցներ արձակելիս բացականչել են «Ալլահ Աքբար» եւ անկանոն կրակ արձակել շուրջբոլորը։ Այնուհետեւ Բավարական ռադիոն հայտնել էր, որ Գերմանիայում ձերբակալվել է ահաբեկչության կազմակերպիչների ենթադրյալ աջակիցը։ Նրանից առգրավված փաստաթղթերը վկայում են, որ տղամարդը, ում մեքենայում հայտնաբերվել են Կալաշնիկով տեսակի ինքնաձիգներ, տրոտիլ եւ այլ զինամթերք, ուղեւորվում էր Փարիզ։

Ի՞նչ նախազգուշական միջոցառումներ է ձեռնարկել Ֆրանսիան

Առաջին հերթին Ֆրանսուա Օլանդը հրամայեց փակել սահմանները։ Նախագահի աշխատակազմը դրանից հետո հայտնեց, որ խոսքը սահմանային հսկողության խստացման մասին է։ Այդ որոշումն արդեն կայացվել էր նոյեմբերի 30-ին կլիմային հարցով COP21 գագաթնաժողովի շեմին։ Ֆրանսիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվում։ Ոստիկանությունն իրավունք է ստանում խուզարկել մարդկանց, բնակարանները, խանութները։ Դպրոցները, համալսարանները, գրադարանները եւ բոլոր հասարակական շինությունները Փարիզի շրջանում փակվել են։