ԵՄ երկրների ու կառավարությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ նշել են, որ Փարիզի ահաբեկչությունները հարձակում էին ԵՄ բոլոր երկրներ դեմ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Եվրամիությունը խորապես ցնցված է եւ սգում է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: Դրանք հարձակում էին բոլորիս դեմ: Մենք միասին հանդես կգանք այդ սպառնալիքի դեմ բոլոր անհրաժեշտ միջոցներով եւ անողոք վճռականությամբ»,-ասված է հայտարարությունում:

Հեղինակներն ընդգծել են ֆրանսիացի ազգի մեծությունն ու ուժը՝ հավելելով, որ նրա արժեքները՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն, «ոգեշնչել են եւ ոգեշնչում են Եվրամիությանը»: Նրանց խոսքով, ԵՄ-ն Ֆրանսիայի հետ միասնական է եւ կարվի ամեն ինչ՝ ահաբեկչությանն ու ծայրահեղությանը հաղթելու համար:

ԵՄ երկրների առաջնորդները նաեւ կոչ են արել ԵՄ բոլոր երկրներին նոյեմբերի 16-ին հարգել զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ:

«Մենք՝ եվրոպացիներս, հիշում ենք 2015-ի նոյեմբերի 13-ը որպես սգո եվրոպական օր»,-ասել են հայտարարության հեղինակները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:

Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել: ԻՊ-ի գրոհայիններն իրենց վրա են վերցրել ահաբեկչությունների պատասխանատվությունը: