Այս պահի դրությամբ Փարիզում ահաբեկչությունների զոհերի թիվը կազմում է 129: Այս մասին մամուլի ծառայության ժամանակ հայտարարել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մուլենը: «Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ զոհերի թիվւ 129 է, վիրավոր է 352 մարդ, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ ծանր է: 7 ահաբեկիչներ մահացել են համերգասրագի գրոհի ժամանակ»,-հայտարարել է Մուլենը:
Նրա խոսքով, հարուցվել է քրեական գործ: Դատախազը նաեւ նշել է, որ առաջին պայթյունը իրականացվել է Stade de France մարզադաշտի մոտ տեղի ժամանակով 21.20-ին:
Ժամը 21:25-ին հետեւել են մնացած պայթյունները ողջ Փարիզով մեկ: Le Carillon բարի եւ Le Petit Cambodge ռեստորանի այցելուները գնդակահարվել են Կալաշնիկով ինքնաձիգից: Կրակողները եղել են Seat leon մեքենայով, հաղորդում է Leparisien-ը:
Այդ գործողություններից մահացել է 15 մարդ:
21: 32 – Faubourg-du-Temple եւ de la Fontaine-au-Roi փողոցներում ահաբեկիչները գնդակահարել են բարի առջեւ նստած այցելուներին. Տեղում մահացել է 5 մարդ, եւս 8-ը վիրավորվել է: Կրակոցները հնչել են նույն Seat leon մեքենայից: Միաժամական երկրորդ պայթյունն է որոտացել Stade de France-ում:
21: 40 – Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Voltaire այգում, Comptoir Voltaire ռեստորանի մոտ:
Միաժամանակ, երեք ահաբեկիչներ Polo մեքենայով ժամանել են «Բատակլան» համերգասրահի մոտ, որտեղ ռոք համերգի ժամանակ գնդակահարում են մարդկանց: Ահաբեկիչները պատանդ են վերցնում հանդիսատեսներին, հայտարարություններ անում Սիրիայում եւ Իրաքում պատերազմի մասին: «Բատակլան» համերգասրահի գրոհի ժամանակ երկու ահաբեկիչներ պայթեցնում են իրենց, եւս մեկին սպանում են հատուկ ծառայությունների աշխատակիցները:
21: 53 – Որոտացել է երրորդ պայթյունը Stade de France մարզադաշտի մոտ, ահաբեկիչը պայթեցրել է իրեն մարզադաշտից 400 մետր հեռավորության վրա:
Դատախազի խոսքով, այս պահին կարելի է պնդել, որ գործել են ահաբեկիչների երեք խմբեր, որոնք համակարգել են իրենց գործողությունները:
«Քննությունը կհայտնաբերի ահաբեկչությունների պատվիրատուներին, միջնորդներին եւ աջակիցներին»,-հայտարարել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մուլենը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել: ԻՊ-ի գրոհայիններն իրենց վրա են վերցրել ահաբեկչությունների պատասխանատվությունը:





























