Ֆրանսիան կշարունակի ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը TF1 հեռուստաալիքի եթերում։
«Առաջիկա օրերին մենք կշարունակենք ավիահարվածներ հասցնել Սիրիայում` «Իսլամական պետությանը» խոցելու նպատակով»,– ասել է Վալսը։
Նա նաեւ նշել է որ Ֆրանսիայի իշխանությունները գտնվում են ահաբեկիչների հետ պատերազմական իրավիճակում եւ պետք է պատրաստ լինեն ահաբեկչական գործողությունները կրկնելու հնարավոր փորձերին։
Նրա խոսքով` Charlie Hebdo–ի խմբագրության դեմ հարձակումից հետո Ֆրանսիայի իշխանությունները մշտապես ասել են, որ «զրոյական ռիսկ չի լինում», եւ որ Ֆրանսիան հետագայում էլ պետք է պատրաստ լինի ահաբեկչական հարձակումների փորձերի կրկնությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարիզի դատախազը հաստատել էր զոհերի եւ վիրավորների թիվը` համապատասխանաբար 129 եւ 352 մարդ, նաեւ ութ ահաբեկիչների մահը։ Նրանցից յոթը եղել են մահապարտի գոտիներով։ «Իսլամական պետությունը» հաստատել է իր մասնակցությունը ահաբեկչական գործողություններին։
Նախնական տեղեկությամբ, մահացած ահաբեկիչների մարմինների կողքին գտել են եգիպտական եւ սիրիական անձնագրեր։





























