Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեծ քսանյակի» երկօրյա գագաթնաժողովին մասնակցելու նպատակով մեկնում է Անթալիա։ Գագաթնաժողովի առաջին օրվա օրակարգի գլխավոր թեմաներից են ահաբեկչության դեմ պայքարը, ինչն էլ ավելի հրատապ է դարձել Փարիզի ահաբեկչական գործողությունների համատեքստում։
Ինչպես ավելի վաղ լրագրողներին ասել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գագաթնաժողովի առաջին օրը նախատեսվում է աշխատանքային նախաճաշ անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ, լիագումար նիստ, աշխատանքային ճաշ եւ ընդունելություն Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի անունից։
Գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում լինելու է ահաբեկչության դեմ պայքարը։ Այս եւ փախստականների խնդրներն են քննարկվելու աշխատանքային ճաշի ընթացքում։
«Կայանալու է մտքերի փոխանակում ահաբեկչական կազմակերպություններից, առաջին հերթին` «Իսլամական պետությունից» եկող սպառնալիքների շուրջ, քննարկվելու են Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի գործում համագործակցության հնարավոր ուղիները»,– ասել է Ուշակովը։





























