Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո կորած համարվող 17-ամյա ֆրանսիահայ Լոլա Ուզունյանի մասին դեռեւս որեւէ տեղեկություն չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը՝ հավելելով, որ ոստիկանությունն Ուզունյաններին չի հաստատել աղջկա մահվան մասին լուրը: Հայ համայնքը շարունակում է հետեւել իրադարձություններին:

Մուրադ Փափազյանի փոխանցմամբ, քաղաքում լարված իրավիճակը պահպանվում է, իրավապահներն արտակարգ ռեժիմով են աշխատում: Նա նաեւ նշեց, որ իրավապահները տեղեկացնում են առնվազն 129 զոհի մասին: Վիրավորների թիվն անցնում է 300-ը, որոնցիցի 99-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարիզի դատախազը հաստատել էր զոհերի եւ վիրավորների թիվը, համապատասխանաբար, 129 եւ 352 մարդ, ինչպես նաեւ 8 ահաբեկիչների սպանվելը։ Նրանցից յոթը եղել են մահապարտի գոտիներով։ «Իսլամական պետությունը» հաստատել է իր մասնակցությունն ահաբեկչական գործողություններին։

Նախնական տեղեկությամբ, մահացած ահաբեկիչների մարմինների կողքին եգիպտական եւ սիրիական անձնագրեր են գտել։