Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով նոյեմբերի 16-ը Մոլդովայում սգո օր է հայտարարվել: Այդ մասին հրամանագիրը ստորագրել է Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին:
Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել էին հանրային վայրերում եւ պետական հաստատություններում անվտանգության խստացված միջոցառումների մասին: Մասնավորապես, հատուկ վերահսկողություն է սահմանվել Քիշնեւի միջազգային օդանավակայանում եւ սահմանային անցակետերում: Ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցները Մոլդովայում Ֆրանսիայի դեսպանության եւ «Մոլդովայի ֆրանսիական դաշինք» մշակութային կենտրոնի մոտ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով 129 մարդ է զոհվել, ավելի քան 300 հոգի հիվանդանոցներում է:





























