Եթե ԻԼԻՊ-ի հայտարարությունները, որը ստանձնեց Փարիզի ահաբեկչությունը, հավաստի լինի, կնշանակի, որ խմբավորման թիրախում արդեն ոչ թե Սիրիան եւ Իրաքն են, այլ Արեւմուտքը: Այս մասին գրել է The Wall Street Journal պարբերականը:
«Իսլամական պետությունը, ի տարբերություն ալ-Քաիդայի, քիչ տարբերություն է դնում, թե ում վրա կհարձակվի: Արեւմուտքում յուրաքանչյուրին այն օրինական թիրախ է համարում»,- գրել է պարբերականը:
Փարիզում ահաբեկչությունը հետեւեց Սիրիայում եւ Իրաքում քրդերից տարած պարտությանը, ինչպես նաեւ արեւմտյան կոալիցիայի եւ Ռուսաստանի ավիահարվածներին:
Արեւմուտքում հարձակումների մեծ մասի հետեւում, ինչպիսիք են հունվարին Փարիզի սուպերմարկետի վրա հարձակումը կամ դեկտեմբերի Սիդնեյի սրճարանում պատանդառությունը, տեսնում էին ԻԼԻՊ-ին սատարող, բայց ուղղակի հրահանգ չկատարող մարդկանց:
«Եթե հարձակումներն իսկապես ուղղորդել է ԻԼԻՊ-ը, նշանակում է, որ նրանք փոխում են իրենց թիրախը»,- հայտարարել է Բրուքինգսի ինստիտուտի ծայրահեղ իսլամի հարցերով փորձագետ Ուիլյամ Մաք-Կանթսը:
Հաշվի առնելով, թե որքան դյուրին է Արեւմուտքում հրաձգություն սկսելը, ԻԼԻՊ-ի նախազգուշացումները չի կարելի սին խոսքեր կոչել:
«Անկասկած, սա նոր սպառնալիք է մարդկությանը, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է այն կանգնեցնել»,- հայտարարել է Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի հետազոտող Հասան Հասանը՝ հավելելով. «Չեմ կարծում, որ կարելի է այն կանգնեցնել՝ առանց Սիրիայում եւ Իրաքում վճռական հաղթանակի»:





























