Իշխանության երեք թեւերի տարանջատում հնարավոր է նաեւ նախագահական կամ կիսանախագահական կառավարման պայմաններում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Նրա համոզմամբ, դա իրականություն դարձնելու համար միայն քաղաքական կամք է պետք: «Հայաստանում գոյություն ունի իշխանություն եւ իշխանամետ թաղանթ: Այդ թաղանթը փոխվում է, բայց իշխանությունը չի փոխվում: Եվ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները չեն հանգեցնի իրավիճակի փոփոխման»,-ընդգծել է Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում սահմանադրության հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին: Սահմանադրական փոփոխություններով Հայաստանը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի:





























