Կառավարությունում ընթացքի մեջ է բյուջետային գործընթացի առաջին փուլը՝ բյուջեի կազմումը։ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր` սեպտեմբերի 3-ին, կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց, որ ավարտվել է 2011 թ. պետական բյուջեի նախնական տարբերակի ձեւավորումը, որն իրականացվել է նախարարություններից ստացված հայտերի հիման վրա։ Արդեն սկսվում է քննարկումների այն փուլը, երբ նախարարությունները բանակցությունների մեջ են մտնում ֆինանսների նախարարության հետ։ Սակայն ֆինանսների նախարարը հատուկ զգուշացրեց, որ նախարարներն ու մյուս գերատեսչություններն առաջարկներ ներկայացնելիս հիմնվեն բացառապես հուլիսին հաստատված ծախսերի միջինժամկետ ծրագրի վրա։ «Նոր ծրագրեր ու նոր գաղափարներ չենք քննարկելու»,- կառավարության անդամներին զգուշացրեց ֆինանսների նախարարը։