Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին «ոչ» են ասում քաղաքական ուժեր, որոնք նախկինում կողմ են եղել այդ փոփոխություններին: Այսօր` նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը` նշելով, որ հենց այդ պատճառով իրենք չեն մասնակցում քարոզարշավին:
«Մեզ համար քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի գործունեությունն անհասկանալի է, որովհետեւ Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներն ասում են «ոչ», փոփոխություններին միշտ դեմ արտահայտվողներն ասում են «այո»: Այդ մարդիկ փոխել են իրենց տեսակետները»,- ասաց Արարատ Զուրաբյանը:
ՀՀՇ նախագահի խոսքով` իրենք ի սկզբանե էլ կողմ են եղել Սահմանադրական փոփոխություններին, քանի որ կողմ են խորհրդարանական համակարգին. «Մենք տարիներ շարունակ ցանկացել ենք, որ խորհրդարանական համակարգին անցումը լինի: Զարմանալի է միայն, որ իշխանություններն են նախաձեռնել այս գործընթացը»:
Լրագրողների դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն այս փոփոխություններն անում է վերարտադրության համար, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Կարծում եմ` Սերժ Սարգսյանը կհեռանա: Նա այդ մասին հրապարակային հայտարարել է, հետեւաբար, չեմ կարծում` այդ հայտարարությունից հետո նա կմնա իշխանության»:
Նշենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը Սահմանադրական փոփոխություններից հետո չի զբաղեցնելու ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի կամ վարչապետի պաշտոններից որեւիցե մեկը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի վեցին: Փոփոխություններից հետո անցում կկատարվի կառավարման խորհրդարանական համակարգին եւ համամասնական ընտրական համակարգին:





























