«Ոչ»–ի ճակատի հաղթանակի գլխավոր մարտավարությունը պետք է լինի սահամանդրական փոփոխությունների հանրաքվեին «ոչ» ասողների մեծ ակտիվությունը։ Այս մասին այսօր` նոյեմբերի 20–ին, սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «ՈՉ»–ի ճակատի հանրահավաքին Ազատության հրապարակում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, «Ոչ»–ի ճակատի շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը` ներկայացնելով «Ոչ»–ի հաղթանակի մարտավարությունը։
«Ժողովրդի ակնհայտ, ջախջախիչ մեծամասնությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին։ «Ոչ»–ի քարոզաշավը ձնագնդի էֆեկտով աճում է։ Եթե նորմալ ժողովրդավարական երկրում ապրեինք, այսօր արդեն կասեինք, որ «Ոչ»–ի շարժումը հաղթանակած է»,– ասաց Զուրաբյանը։
Նրա խոսքով` հաղթանակի համար հարկավոր է, որ ժողովուրդը հաղթահարի բազմաթիվ կեղծված ընտրությունների արդյունքում ձեւավորված հուսահատությունը եւ հասնի նրան, որ ժողովրդի առնվազն 70– 80 տոկոսը գնան ու «ոչ» քվեարկեն տեղամասերում։
«Եթե ժողովուրդը զանգվածաբար գնա «ոչ» քվեարկելու, կլուծվեն մի քանի խնդիրներ։ Ժողովրդի կամքը հստակ ներկայացված կլինի, ինչը մեր վստահված անձանց թույլ կտա եռակի եռանդով պաշտպանել նրանց քվեները։ Եթե բոյկոտ լինի, նրանք պաշտպանելու բան չեն ունենալու։ Բարձր մասնակցությունը կկրճատի բազմակի քվեարկության` ռեժիմի հնարավորությունը։ Ժողովրդի բարձր տրամադրությունը եւ «ոչ» քվեարկելու հակվածությունը կնվազեցնի ընտրակաշառք բաժանելու ազդեցությունը»,– բացատրեց Զուրաբյանը։
Մյուս խնդիրը, որը, ըստ Զուրաբյանի, կլուծի ժողովրդի բարձր ակտիվությունը, այն է, որ դրանով կհերքվի ընտրողների թվի պաշտոնական ցուցանիշը։
« 2008–2015թթ երկրից պաշտոնական տվյալով արտագաղթել է ավելի քան 350 հազար մարդ։ Ընտրողների ակտիվ մասնակցության դեպքում 1 մլն 100 հազարից ավելի ընտրողի հայտարարումը կհակասի ժողովրդագրական ցուցանիշերին եւ կսահամանափակի թվերը կեղծելու` իշխանության հնարավորությունը։ 2008, 2012, 2013թթ ընտրությունների արդյունքները վերլուծելիս հասկանում ենք, որ իրական ընդդիմադիրները մշտապես անգամ լայնածավալ կեղծիքների պարագայում կարողացել են 600–650 հազար ձայն ամրագրել։ Եթե ընտրողների պաշտոնական թիվը 1 միլիոն 100 հազար է, ապա եթե նույնիսկ 500 հազար մարդ «ոչ» ասի, «այո»– ն չի անցնելու»,– ասաց Զուրաբյանը։





























