Chevrolet ընկերությունն ամբողջությամբ փոխել է համեմատաբար էժան արժեցող Cobalt սեդանի դիզայնը, որի պաշտոնական դեբյուտը տեղի կունենա դեկտեմբերին: Մոդելն առանց քողարկման լուսանկարել են Բրազիլիայում, գովազդային նկարահանումից առաջ: Լուսանկարները հրապարակել է   Primeiramarcha պարբերականը:

Ամբողջությամբ փոխվել է սեդանի դիմային մասը, այժմ այն Cruze մոդելի ոճում է:  Փոխվել են Cobalt-ի լուսարձակները, թափարգելը եւ կեղծ ռադիատորային ցանցը: Սեդանի  հետեւամասը եւս փոքրիկ փոփոխության է ենթարկվել: Խոսքը, մասնավորապես, հետեւի լուսարձակների եւ թափքի ծածկի մասին է, գրում է Motor-ը:

Ամենանկատելի փոփոխությունը ներսում է` մուլտիմեդիական նոր  MyLink համակարգի ներմուծմամբ: Primeiramarcha-ում նշում են, որ համալիրն իր մեջ ներառում է սենսորային էկրան, ինչպես նաեւ Apple CarPlay եւ Android Auto սմարթֆոնների ներդրման գործառույթներ:

Բրազիլիայում նորացված «Կոբալտը» կառաջարկվի 1,8 լիտրանոց շարժիչով, որի հզորությունը 110 ձիաուժ է: Շարժիչը համադրվում է կամ վեցաստիճանանի  «մեխանիկայի», կամ էլ հինգ դիապազոնանոց «ավտոմատի» հետ: