Նոր Սահմանադրությունն այն մասին է, որ ժողովուրդն այլեւս ընտրության  հնարավորություն չի ունենալու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Ոչ»-ի ճակատը ներկայացնող, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Առ այսօր դուք ընտրում եք նախագահ, պառլամենտ, գյուղապետ, գյուղական ավագանի: Նոր սահմանադրությամբ դուք այլեւս նախագահ, գյուղապետ չեք ընտրելու: Կոպիտ սխալ է, որ գյուղապետին ավագանին է ընտրելու: Այսպիսի բան գոյություն չունի աշխարհում: Ցանկացած պետական մարմին պետք է երկու մանդատ ունենա: Պետք է լինի ավագանի, պետք է լինի գյուղապետ, որ իրար վերահսկեն: Սա աշխարհի կարգն ա»,- ասել է նա:

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ իշխող կուսակցությունը  սահմանադրական փոփոխություններ է իրականացնում, քանի որ մտավախություն ունի, որ առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում չի կարող հաղթել:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Այդ փոփոխություններով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի: