Հայաստանը մտադիր է միջոցներ ներգրավել «ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամից` արդյունաբերության, ենթակառուցվածքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ֆինանսավորման նպատակով:
«Banks.am» կայքի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, որը ղեկավարում է «ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամից ֆինանսավորում ներգրավելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծված աշխատանքային խումբը:
Ըստ փոխնախարարի՝ աշխատանքային խումբն աշխատանքներ է տանում ՀՀ համապատասխան գերատեսչությունների եւ նախարարությունների հետ մանրամասն ծրագրերի մշակման նպատակով, որոնք հիմնադրամին կներկայացվեն աշնանը: «ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամի ծավալը կկազմի շուրջ 10 մլրդ դոլար: Ֆինանսների փոխնախարարը չի հստակեցրել, թե հատկապես ի՞նչ ծավալի ֆինանսավորում է մտադիր ներգրավել Հայաստանը:



















