Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու՝ սեպտեմբերի 19-ին նախատեսվող պատարագը թուրքական քարոզչական մեքենայի կողմից հայությանը նեկայացվեց որպես մի մարտահրավեր, սակայն այդ մարտահրավերը մեզանում լուրջ չընկալվեց եւ չձեռնարկվեցին համապատասխան քայլեր։ Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքով, Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչ դնել-չդնելու հարցով թուրքական քարոզչամեքենային հաջողվեց 2 ամիս շարունակ թելադրել եւ ձեւավորել հայաստանյան օրակարգը։ «Կարելի է ասել, որ ողջ հայությունն այս շրջանում քննարկում էր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի խնդիրը։ Այս ընթացքում հայության մեջ առաջացան նոր բաժանարար գծեր եւ անջրպետեր, ձեւավորվեցին Վան գնալուն կողմ եւ դեմ խմբեր, հնչեցին ներկուստեք մեղադրանքներ, այսինքն՝ թուրքական քարոզչամեքենան նոր պառակտող գծեր տարավ հայության մեջ»,- ընդգծեց թուրքագետը։ «Իսկ այն հիմնավորումները, թե եկեղեցու վրա խաչը չի տեղադրվում տեխնիկական պատճառներով, ծիծաղելի են։ Հսկայական թուրքական պետությունը չի՞ կարողանում բարձրացնել ընդամենը 200 կգ կշռող խաչը։ Կարծում եմ՝ սա թուրքական իշխանությունների ընտրած ամենաանհաջող եւ պարզունակ հիմնավորումն էր»,- նշեց Մելքոնյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Սուրբ Խաչի վրա խաչ չտեղադրելու գործոնը մեծապես ազդելու է իշխող՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշի վրա։
Անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշմանը՝ ներկայացուցիչներ չուղարկել եկեղեցու վերաօծմանը, Մելքոնյանը նկատեց. «Մայր Աթոռը կայացրեց միակ ճիշտ որոշումը։ Սակայն կարծում եմ՝ դրա մասին Էջմիածինը պետք է հայտարարեր պատարագից 1-2 օր առաջ, եւ ոչ այսքան շուտ»,- տեսակետ հայտնեց թուրքագետը՝ ավելացնելով, որ Թուրքիայում բնակվող հայերի մեծամասնությունը կողմ է եւ ներկա կգտնվի եկեղեցու կարգավիճակ չունեցող եւ որպես հուշարձան-թանգարան ընկալվող եկեղեցու պատարագին։ «Սակայն նրանց կողքին կա նաեւ դժգոհ զանգված»,- տեղեկացրեց նա։




























