ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-ն նոր էջ թողեց մեր ֆուտբոլային պատմության մեջ: Մենք ունեցանք առաջին ակումբային թիմը, որ դուրս եկավ Եվրոպա Լիգայի հիմնական փուլ: Սա նշանակում է, որ եվրոպական միջինից բարձր և բարձրակարգ թիմեր, ֆուտբոլային աստղեր գալու են Երևան: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-ի հաջողությունը միայն ֆուտբոլային չէր այս դեպքում: Երբ ազգը պառակտված է և պառակտումը խորացվում է, նման հաղթանակները չափազանց կարևոր են:

Չափազանց կարևոր է, որ հաղթանակ կերտող թիմի անվան մեջ կա ԱՐԱՐԱՏ-ը: Ազգային բարերար Սամվել Կարապետյանը, իրականում, կարող էր ավելին անել հայկական ակումբային ֆուտբոլի համար:

Հայաստանի պետությունը 1991 թվականից մինչև այսօր ԶՐՈ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլում և միայն Կարապետյանի նման ֆուտբոլասերներն ու բարերարներն են իրենց ներդրումներով օգտակար եղել մեր ֆուտբոլին:

Այսօր հայկական ակումբային ֆուտբոլը գոյություն ունի բացառապես անհատների շնորհիվ: Այսօր էլ ուշ չէ, որպեսզի պարոն Կարապետյանը հիմնադրի ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ կամ այլ անունով մարզադաշտ Երևանում կամ Հայաաստանի տարածքում:

Այսօր էլ ուշ չէ, որպեսզի պարոն Կարապետյանը հիմնադրի ԱՐԱՐԱՐՏ-ԱՐՄԵՆԻԱ ֆուտբոլային դպրոց Երևանում և մարզերում:

Հիմնադրումից ի վեր այս ակումբը չունի մարզաբազա, չունի ֆուտբոլային դպրոց, չունի մարզադաշտ:

Մենք իրավունք չունենք հաշվել մարդու փողերը, բայց պարոն Կարապետյանը մեր այն ֆուտբոլասեր բարերարներից է, որ հնարավորություն ունի անելու այն, ինչ չի անում պետությունն ու կառավարությունը:

Շնորհավորում եմ ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-ին, իմ բարեկամ Պողոս Գալստյանին և բոլոր այն անհատներին, որոնց շնորհիվ երեկ մենք ուրախության պահեր ապրեցինք»։