ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆին ուղարկել Մոսկվա բանակցությունների, հայտնել են The Wall Street Journal (WSJ)-ին իրազեկ աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը նախապես այդ մասին չի տեղեկացրել վստահելի օգնականներին և ռազմական հրամանատարությանը, որոնք անտեղյակ են մնացել, թե ինչ ուղերձով է Ռեթքլիֆը մեկնել Ռուսաստան։

The New York Times-ի (NYT)՝ այցի ընթացքին ծանոթ զրուցակիցները պատմել են, որ ԿՀՎ տնօրենը Մոսկվայում հանդիպել է Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հետ։ Նա ներկայացրել է Ուկրաինայում ճակատային իրավիճակի «մռայլ» գնահատականը և կոչ արել կնքել պատերազմի դադարեցման մասին համաձայնագիր՝ մինչև Ռուսաստանի ռազմական և տնտեսական դրության վատթարացումը։ ԱԴԾ ղեկավարի հետ հանդիպումից առաջ Ռեթքլիֆը, ըստ NYT աղբյուրների, բանակցություններ է վարել ուկրաինական կողմի հետ և հավաստիացրել, որ ուսումնասիրելու է Մոսկվայի դիրքորոշումը, այլ ոչ թե գնալու է զիջումների։

ԿՀՎ ղեկավարն անակնկալ այցով Ռուսաստան էր ժամանել օգոստոսի 25-ին։ Կրեմլում սկզբում հայտարարել էին, որ ոչինչ չգիտեն Վնուկովոյում վայրէջք կատարած ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռի մասին, սակայն ավելի ուշ հաստատել էին Ռեթքլիֆի ժամանումը՝ «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար։ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը պատմել է ԿՀՎ տնօրենի հետ հանդիպման մասին՝ նշելով, որ նրա հետ քննարկել է «մի շարք հարցեր, որոնք գտնվում են հետախուզական ծառայությունների իրավասության շրջանակում»։

Մինչ այդ WSJ-ն և Politico-ն, հղում կատարելով աղբյուրներին, գրել էին, որ Ռեթքլիֆը ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նախազգուշացրել է Մոսկվային ՆԱՏՕ երկրների վրա հարձակում գործելու առումով։ Մասնավորապես, խոսքը վերաբերում էր Ռուսաստանին սահմանակից Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի նկատմամբ ագրեսիայի անթույլատրելիությանը։ Բացի այդ, ԿՀՎ ղեկավարը Ռուսաստանին կոչ է արել ռազմական և տնտեսական աջակցություն չցուցաբերել Իրանին։

Թրամփը Ռեթքլիֆի այցը Ռուսաստան անվանել է «սովորական աշխատանքային հանդիպում»։ Սակայն Վաշինգտոն վերադառնալուց հետո ԿՀՎ ղեկավարը մասնակցել է Սպիտակ տան ղեկավարի ուժային բլոկի հետ փակ խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։ Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։