Օգոստոսի 28-ի գիշերը Յարոսլավլը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գրոհին։ Քաղաքում հարվածից հետո փակել են Մոսկվայի ուղղությամբ ելքի մի շարք ճանապարհներ, փոխել են հասարակական տրանսպորտի երթուղիները և փակել մի քանի մանկապարտեզ, հայտնել է Յարոսլավլի նահանգապետ Միխայիլ Եվրաևը։ Միաժամանակ նա չի ճշտել, թե որ օբյեկտներն են վնասվել և արդյոք հարձակման հետևանքով տուժածներ կան։
Ականատեսների լուսանկարների և տեսանյութերի համաձայն, որոնք վերլուծել է Astra-ն, հարվածի է ենթարկվել և հրդեհվել «Յարոսլավնեֆտեօրգսինթեզ» («Սլավնեֆտ—ՅԱՆՈՍ») նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ)։ Սա Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է, որը կարող է տարեկան վերամշակել մինչև 15 մլն տոննա նավթ։ Ձեռնարկությունն արտադրում է «Եվրո-5» ստանդարտի բենզին և դիզելային վառելիք, ավիացիոն կերոսին, ինչպես նաև յուղերի, բիտումների, հեղուկացված գազի և վառարանային մազութի լայն տեսականի։ Գործարանը պատկանում է «ՆԳԿ «Սլավնեֆտ»» ԲԸ-ին, որը հավասար բաժնեմասերով վերահսկվում է «Գազպրոմի» և «Ռոսնեֆտի» կողմից։ Մինչ այդ ՆՎԳ-ն տարվա սկզբից յոթ անգամ ենթարկվել էր ուկրաինական գրոհների՝ օգոստոսի 6-ին, հուլիսի 16-ին, հուլիսի 6-ին, մայիսի 22-ին, մայիսի 8-ին, ապրիլի 26-ին և մարտի 28-ին։
Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) շարունակում են պարբերաբար հարվածներ հասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Օգոստոսի 26-ին անօդաչուները հարձակվել էին «Լուկօյլի» խոշորագույն գործարանի՝ «Նիժեգորոդնեֆտեօրգսինթեզի» վրա, որը գտնվում է Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղաքում։ Ձեռնարկությունը Ռուսաստանում հզորությամբ զբաղեցնում է 4-րդ, իսկ բենզինի արտադրությամբ՝ 2-րդ տեղը։ Այն կարող է տարեկան վերամշակել մոտ 15 մլն տոննա նավթ և արտադրել 5 մլն տոննա բենզին։ Ընդ որում, այս ՆՎԳ-ն վառելիքով ապահովում է Մոսկվայի տարածաշրջանը։
Օգոստոսի 25-ին դրոնների հարձակումից հետո աշխատանքը դադարեցրել էր Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը, հայտնել էր Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը։ Ձեռնարկությունը մտնում է Ռուսաստանի հարավւոմ խոշորագույնների շարքը և միակն է Ռոստովի մարզում։ Մինչ այդ վերամշակումը դադարեցրել էին հինգ ձեռնարկություններ՝ «Լուկօյլի» «Պերմնեֆտեօրգսինթեզը» (ՊերմՆՕՍ), «Ֆրոտեինվեստ» ընկերության «Օրսկնեֆտեօրգսինթեզը» (ՕրսկՆՕՍ), «Սիբուրի» «Զապսիբնեֆտեխիմը», «Ռոսնեֆտի» Սարատովի ՆՎԳ-ն և Վոլգոգրադի «Լուկօյլը»։
Ընդհանուր առմամբ, 2026 թվականի սկզբից ուկրաինական դրոններն ավելի քան 70 անգամ հարձակվել են ռուսական ՆՎԳ-ների վրա և շարքից հանել մի քանի տասնյակ գործարան։ Դրա հետևանքով երկրում նավթավերամշակումը փլուզվել է՝ հասնելով մինչև 2002 թվականից ի վեր նվազագույն մակարդակի, ինչը հանգեցրել է վառելիքային ճգնաժամի։





























