Եվրահանձնաժողովը հրաժարվել է երեխաների համար սոցիալական ցանցերի խիստ արգելքի գաղափարից և մտադիր է նախատեսել դրանց հասանելիության հնարավորություն մինչև 13 տարեկան անչափահասների համար՝ ծնողների թույլտվությամբ, իրավական ռիսկերի և ԵՄ երկրների միջև տարաձայնությունների պատճառով, հայտնել է Politico-ն՝ հղում կատարելով առաջարկի վրա աշխատող երկու պաշտոնյաների։
«Տարիքային շեմի հետաձգումը, որից սկսած անչափահասները կարող են մուտք գործել սոցիալական ցանցեր, և ծնողների որոշումների համար ճկունությունը օգտակար և համատեղելի կլինեն հիմնարար իրավունքների հետ», - մեջբերել է պարբերականը պաշտոնյաներից մեկի խոսքը։
Politico-ի տեղեկություններով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր է նախաձեռնության մեղմացված տարբերակը ներկայացնել սեպտեմբերի 16-ին Եվրամիության դրության վերաբերյալ իր ամենամյա ծրագրային ելույթում։ Առաջարկը ենթադրում է սահմանափակումներ 13 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման վրա, սակայն ծնողները կկարողանան ինքնուրույն թույլատրել երեխային օգտվել դրանցից։
Մոտեցման վերանայման պատճառներից մեկը եղել են այն մտահոգությունները, որ պարտադիր տարիքային արգելքը կարող է հակասության մեջ մտնել քաղաքացիների հիմնարար իրավունքների վերաբերյալ ԵՄ օրենսդրության հետ։
Բրյուսելի համար լրացուցիչ «տագնապի ազդանշան» է դարձել ֆրանսիական դատարանի որոշումը, որն օգոստոսի սկզբին նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած՝ 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերի արգելքը ճանաչել էր Եվրամիության օրենսդրությանը հակասող։ Չնայած դրան՝ Մակրոնը մտադիր է հասնել համապատասխան օրենքի ընդունմանը մինչև 2027 թվականի գարուն։
Տարիքային շեմի հարցում ԵՄ պետությունների միջև ընդհանուր միասնություն չկա։ Ֆրանսիան հանդես է գալիս սահմանափակման օգտին մինչև 15 տարեկանը, Գերմանիան աջակցում է 13 տարվա շեմին, Ավստրիան առաջարկել է 14 տարի, Իսպանիան՝ 16։ Էստոնիան ընդհանուր արգելքի փոխարեն առաջարկում է կենտրոնանալ սոցիալական ցանցերից բխող վնասի սահմանափակման վրա։




























